ԵՄ դատարանը պարտավորեցրել է որոնողական համակարգերին որոնման արդյունքներից ջնջել հին տվյալները

14:49 • 13.05.14

Եվրամիության դատարանը որոշում է կայացրել, ըստ որի որոնողական համակարգերը պետք է որոնման արդյունքներից հեռացնեն որոշ հղումներ, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:

 

Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանի որոշման համաձայն՝ ԵՄ քաղաքացիներն իրավունք ունեն որոնողական համակարգերից պահանջել հեռացնել «անօգուտ», «ոչ կոռեկտ» և «հնացած» տեղեկությունների հղումները:

 

Բողոքով դատարան էր դիմել Իսպանիայի քաղաքացի Մարիո Կոստեխա Գոնսալեզը: Նա ասել էր, որ Google-ում իր անունով որոնման արդյունքներում հայտնվում են 16 տարվա հնության թերթի հոդվածների հղումներ, որտեղ ասվում է պարտքերի պատճառով իր տան կալանքի մասին: Գոնսալեզը պահանջել էր, որ այդ հղումները հեռացվեն որոնման արդյունքներից, քանի որ այդ խնդիրն արդեն վաղուց լուծվել է, իսկ այդ տեսակի իրադարձությունների մասին տեղեկությունը խախտում է գաղտնիության իր իրավունքը:

 

Google-ից հայտնել են, որ որոնման արդյունքներից տվյալներ հեռացնելու պահանջը հավասար է գրաքննության: Ընկերությունում նշել են, որ չեն վերահսկում տեղեկատվության հոսքը, այլ ընդամենը հղումներ են տալիս համացանցում հասանելի տվյալներին։

ԵՄ դատարանը պարտավորեցրել է որոնողական համակարգերին որոնման արդյունքներից ջնջել հին տվյալները