Ռուսաստանը հունիսի 1-ից դադարեցնում է GPS համակարգի կայանների աշխատանքը
Ռուսաստանում հունիսի 1-ից դադարեցվում է GPS ամերիկյան համակարգի աշխատանքը: Ինչպես հաղորդում է tvrain.ru կայքը՝ Интерфакс-ին հղումով, այս մասին մայիսի 13-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ինչպես հայտարարել է Դմիտրի Ռոգոզինը՝ կայանների աշխատանքը կդադարեցվի, եթե Ռուսաստանը համաձայնության չգա ԱՄՆ-ում «Գլոնաս» արբանյակային համակարգի վերգետնյա կայանների տեղաբաշխման հարցի շուրջ:
Փոխվարչապետն ընդգծել է, որ 11 ամերիկյան կայան տեղակայված է տասնյակ ռուսական շրաջաններում՝ 1993-2011 թվականների համաձայնագրի շրջանակում: GPS-ը արբանյակային նավիգացիոն համակարգ է, որը ցույց է տալիս հեռավորության, ժամանակի չափման միջակայքը և որոշում է միջազգային համակարգում WGS 84 կոորդինատների տեղադիրքը:
Ավելի ուշ փոխվարչապետն իր թվիթերյան էջում մեկնաբանել է տվյալ որոշումը: Ապրիլի վերջին Ռոգոզինը հայտնել էր, որ Ռուսաստանը մեծ առաջընթաց քայլ է կատարել՝ ստեղծելով «Գլոնաս» արբանյակային խումբը: Իր գրառման մեջ վերջինս նշել է, որ GPS համակարգի աշխատանքի դադարեցումը ՌԴ տարածքում որևէ կերպ չի ազդի ազդանշանի որակի վրա ռուս օգտատերերի համար:










