Ճապոնիայում ցունամիից 3 տարի անց կատուն վերադարձել է իր տերերի մոտ
Ճապոնիայում Սուկիա անունով կատուն վերամիավորվել է իր տերերի հետ ցունամիի հետևանքով իրենց քաղաքի դատարկվելուց ավելի քան 3 տարի անց:
Ինչպես հայտնում է Huffington Post-ը՝ BBC-ին հղումով, Օֆունատո քաղաքում բնակվող ամուսինները, ովքեր կատվի տերերն են, զարմացել են իրենց տունը կանգուն գտնելով՝ 2011-ի մարտի 11-ի ավերիչ ցունամիից հետո: Այն ժամանակ, սակայն, Սուկիան անհետացել էր:
Ընտանիքը ամիսներ շարունակ փնտրել է կատվին, սակայն ապարդյուն: Այս տարվա ապրիլի 10-ին մեկ այլ զույգ գտել է կատվին մոտական անտառում, որը պարանոցին օղակ էր կրում: Հայտարարություն տալով տեղի թերթում՝ նրանց հաջողվել է գտնել կատվի տերերին, ովքեր կատվին վերցրել են մայիսի 9-ին:
2011-ի ավերիչ աղետի հետևանքով 25000 մարդ մահացած է համարվում: Այն ավերել է բազմաթիվ տներ և քաղաքներ Օֆունատո քաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ, որի նյութական վնասը գնահատվել է 300 մլրդ դոլար:
![]()










