Բ. Պիպոյանը բացասական է գնահատում սննդամթերքի անվտանգության օրենսդրական դաշտի փոփոխությունը

21:04 • 13.05.14

«Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը սննդամթերքի անվտանգության օրենսդրական դաշտի նախատեսվող փոփոխությունները բացասական է գնահատում այն առումով, որ երբ մշակվում է նոր օրենք, նշանակում է, որ գործող օրենքն արդեն իրեն սպառել է: Այսինքն՝ սպառվել է այն գործիքակազմը և լծակները, որոնք տալիս էր հին օրենքը:

 

«Այդ իմաստով ես բացասական եմ գնահատում օրենքի փոփոխությունն ընդհանրապես, որովհետև նախորդ օրենքը, որը չի կարգավորում մի շարք խնդիրներ, որոնց կարիքն իսկապես կա, նաև չի կիրառվել: Այսինքն՝ գործող օրենքով տրված են որոշակի լծակներ, որոնք պետք է գործի դնել, բայց գործի չեն դրվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Նա նաև օրինակ բերեց, թե գործող օրենքով նախատեսված էր, որ մինչև 2015 թվականը պետք է բոլոր արտադրողների մոտ ներդրված լինի անվտանգության հատուկ համակարգ: Այսինքն՝ այս պահի դրությամբ կաթնամթերքի և մսամթերքի ոլորտում պետք է ներդրված լիներ անվտանգության համակարգը, բայց ներդրված չէ, մինչդեռ գործող օրենքը ժամանակացույց է սահմանել:

 

«Հիմա եթե մենք ընդունում ենք նոր օրենք, ուրեմն՝ աչք ենք փակում այն կետերի վրա, որոնք կյանքի չկոչվեցին: Այստեղից երևում է, որ խնդիրը միայն օրենսդրությունը չէր: Գործող օրենքը չէր կարգավորում ռուսական ծագման մթերքի անվտանգության հարցը, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ ընդգծելով, որ նոր օրենքում այդ գործիքակազմը ամբողջությամբ չի մշակվել, որովհետև չկա մոնիթորինգային ծրագրերի ժամանակացույց, չի նշվում, թե ինչպես է դա կարգավորվելու:

 

Իսկ եթե նոր օրենքը ոչ ինստիտուցիոնալ փոփոխության համար է, Բաբկեն Պիպոյանի համար անընդունելի է: «Ամբողջ աշխարհում ներդրված է որակի կառավարման համակարգ, մեր նոր օրենքով նման համակարգ չկա, այսինքն՝ վիճակը ոնց կար, այնպես մնալու է: Հիմա եթե այս ամենի համար չի փոխվում օրենքը, այստեղ ես կարող եմ հասկանալ, որ Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու համար արվող փոփոխություն է ընդամենը»,-ավելացրեց նա:
Իսկ եթե խնդիրն ինստիտուցիոնալ փոփոխություններն են, ապա, ինչպես նկատեց Բաբկեն Պիպոյանը, այդտեղ տրամաբանություն կա: