Ուկրաինայում ցուցարարների վրա կրակողը «Բերկուտ» ջոկատը չի եղել. Ռադայի հատուկ հանձնաժողով
Կիևի ողբերգական իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակողը «Բերկուտ» հատուկ ջոկատը չի եղել։ Նման եզրահանգման է եկել Գերագույն ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովը՝ ուսումնասիրելով դիպուկահարների օգտագործած զենքերի փամփուշտներն ու պարկուճները։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, հանձնաժողովի նախագահ Գենադի Մոսկալն ասել է, որ ցուցարարների վրա կրակ կարող էին բացած լինել վերահսկողությունից դուրս կազմակերպությունները։ Չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ կազմակերպությունների մասին է խոսքը, Մոսկալն ընդգծել է, որ այդ ժամանակ «առաջին կրակոցն արձակվել էր ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ»։
«Ցանկացած ոք կարող էր մտնել ցուցարարների շարքերը՝ «գործող իշխանությունների դեմ պայքարի» կերպարով»,-ասել է նա։
Նրա գնահատականներով՝ չի բացառվում և վարկածը, որ կարող էին կրակած լինել ինչպես Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության կամ ՆԳՆ-ի աշխատակիցները, այնպես էլ նրանց կողմնակիցները՝ ակտիվիստների անվան տակ։
Հանձնաժողովը ստեղծվել է քննելու իրավապահ մարմինների և առանձին անհատների գործողությունների օրինաչափությունը 2013թ.-ի նոյեմբերի 21-ից Ուկրաինայում սկսված հասարակական-քաղաքական ակցիաների ընթացքում։
Որևէ մեկը չի ստանձնել ավելի քան 100 մարդու զոհվելու պատասխանատվությունը։










