Է. Շարմազանովը չեխ գործընկերներին առաջարկել է Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցանմուշներ ներկայացնել Չեխիայի խորհրդարանում

14:26 • 13.05.14

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի՝ միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Զուզկա Բեբարովա-Ռույբրովան:

Քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական կապերի զարգացմանը, քաղաքական, տնտեսական ու մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-չեխական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Եվրամիության շրջանակներում համագործակցությունը ակտիվորեն են զարգանում, ինչը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցով:

Անդրադառնալով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին և 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագրին՝ ԱԺ փոխնախագահը Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ այս ողբերգական իրադարձությունների մասին պետական մակարդակով բարձրաձայնելն ու հիշատակելը պայմանավորված չէ միայն ազգային ցավով: Ըստ նրա՝ քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի գնահատել այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռևս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը: Էդուարդ Շարմազանովը չեխ խորհրդարանականներին առաջարկել է Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաև Չեխիայի խորհրդարանում, ինչը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր քայլ է:

Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան գոհունակություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների վերելքի համար և պատրաստակամություն հայտնեց՝ անելու հնարավորինս, որ երկու երկրների միջև կապերն էլ ավելի զարգանան:

Նա տեղեկացրել է, որ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ ամեն ինչ պետք է անել նման սարսափելի իրադարձությունները կանխելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: