Ուկրաինացի կաշառակերների սեփականությունը կանցնի պետությանը
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Կիևի կառավարությանը հանձնարարել է պետության օգտին կաշառակերների սեփականության օտարման մեխանիզմ մշակել և ներդնել: Այդ մասին ասված է կառավարության կայքում հրապարակված հրամանում, գրում է gazeta.ru-ն:
Փաստաթղթից հետևում է, որ կառավարությունը պետք է աշխատի քննության ընթացքում կաշառակերների սեփականությունը պետական հսկողությանը հանձնելու հարցի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կանխել այդպիսի սեփականության, գույքային իրավունքների հաշվին մեղավոր անձանց հարստացումը:
Տուրչինովը նաև խնդրում է դիտարկել պետության օգտին այդպիսի սեփականության մի մասի փոխանցման հնարավորությունն արդեն քննության փուլում՝ դրա արժեքի փոխհատուցման երաշխիքով, եթե հաստատվի մեղադրյալի անմեղությունը։
Բացի այդ՝ առաջարկվում է պաշտոնյաներին, որոնց նկատմամբ իրավապահները կամ դատավորները քննություն են անցկացնում, զրկել կալանքի տակ գտնվող սեփականությունից օգտվելու և այն օտարելու հնարավորությունից։










