Երևանում կանցկացվի EducationUSA կրթական ցուցահանդեսը

11:30 • 14.05.14

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցացիայի հետ համատեղ սույն թվականի մայիսի 15-ին, ժամը 16:00-ից մինչև 18:00-ը Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում կազմակերպում է հերթական EducationUSA կրթական ցուցահանդեսը:

Փենսիլվանիայի, Միչիգանի, Բոստոնի, Յուտայի, Հարվարդի և այլ հեղինակավոր ամերիկյան համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտներն անձամբ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին:

Գրեթե 20 տարի է, ինչ ամերիկյան խորհուրդների EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնը Հայաստանում կազմակերպում է կրթական ցուցահանդեսներ։ Կրթական ցուցահանդեսի ընթացքում ստացած տեղեկատվությունը օգտակար կլինի ԱՄՆ-ում կրթությունը շարունակել ցանկացող մրցունակ ուսանողների և երիտասարդ գիտնականների համար:

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1992թ և պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին: Հայաստանում կենտրոնը ղեկավարվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից: EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնը դիմորդներին և ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ և համալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ:

Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար: