Հալեպում հայ երիտասարդ է վիրավորվել

16:27 • 14.05.14

Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ և Ազիզիե շրջաններում երեկ ընկած ինքնաշեն հրթիռների հետևանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը։

 

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ կեսօրից հետո և գիշերը Հալեպի հայաբնակ շրջանները դարձյալ լուրջ բախումների և հրթիռակոծությունների թիրախ էին դարձել։

 

Երեկոյան իրավիճակը լարվել էր հայաբնակ Նոր գյուղում։ Հարակից շրջաններում կառավարական զորքերի, զինյալ ապստամբների և ահաբեկիչների միջև բախումները շարունակվում են։

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ հրասանդի արկեր կամ ինքնաշեն հրթիռներ են ընկել նաև Հալեպի Սուրբ Երրորդություն (Զվարթնոց) հայկական եկեղեցու մերձակայքում։