Որոտանի կասկադի վաճառքի պայմանագիրը վերանայվել է ոչ թե սկզբունքային, այլ տեխնիկական հարցերի պատճառով. փոխնախարար
Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը հաստատեց այն տեղեկությունը, որ ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությունը վերանայում է Որոտանի կասկադը ձեռք բերելու՝ Հայաստանի կառավարության հետ ստորագրած պայմանագիրը՝ նշելով, որ «խնդիրներ կան, որոնք բանակցային խոսակցություններ են»։
Tert.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի նման քայլը, փոխնախարարը պատասխանեց. «Կարծում եմ, որ պայմանագիրը ստորագրելու պահից հետո, երբ որ արդեն պետք է նոր օպերատորը կայանը շահագործի, իր մոտ առաջացել են զուտ իրականացման հետ կապված հարցեր՝ ինչ-որ պայմանագրում գրված են։ Առաջացել են խնդիրներ, որոնք պետք է մեկնաբանվեն, հասկացվեն, ընդհանուր հայտարարի գան։ Ես կարծում եմ, որ դրանք տեխնիկական բնույթի հարցեր են, ոչ թե սկզբունքային»,-նշեց նա։
Մեր դիտարկմանը, թե այսինքն՝ խնդիրները կապված են փաստաթղթերի՞ հետ, Արեգ Գալստյանը մանրամասնեց, թե զուտ ձևակերպումների մասով է՝ աշխատանքի անցնելու և պարտավորությունների մասով։
«Աշխատանքի անցնելու խնդիր կար՝ կար վարկ, որը նախկինում բանակցված վարկ էր՝ ենթակայանների վերազինման հետ կապված. այդ վարկը ինքը վերցնելու է, թե չի վերցնելու, այն պայմաններով, որ մենք առաջարկել էինք, իրենց ձեռք է տալիս, թե չի տալիս, այդ կարգի հարցեր են։ Նաև թե Որոտանի կասկադը ինչ պարտավորություն ունի էլեկտրաէներգիա արտադրելու առումով, ցանց վաճառելու, հորիզոնական պայմանագրերի, շուկայի հարցով»,-նշեց նա։
Իսկ թե գնի հետ կապված հարց կա՞, փոխնախարարը նշեց, թե չի կարծում. «Ես նման տեղեկություն չունեմ»։
Հարցին, թե ամեն դեպքում ինչքանո՞վ է հավանական, որ գործարքը կկայանա, նա պատասխանեց. «Գործարքը կայացել է, և չեմ տեսնում լուրջ խնդիներ, որ կարող են գործարքը չեղյալ հայտարարել»։
Իսկ թե «որպես վաճառող ՀՀ-ն բավարարված կարո՞ղ է զգալ» հարցին, փոխնախարարը պատասխանեց. «Ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել՝ այդ գումարը լավն է, թե վատն է, արտացոլում է բոլոր շահերը մեր կողմից, նրանց կողմից։ Դա ի վերջո փոխհամաձայնեցված բանակցային գործընթաց է, որին ես չեմ մասնակցել։ Ենթադրում եմ, որ եկել են ընդհանուր հայտարարի՝ երկու կողմին էլ բավարարել է առաջարկված գինը, առավել ևս այնտեղ կա պարտավորություն ներդրումային ծրագիր իրականացնելու համար, իսկ ես կարծում եմ, որ դա անպայման արվելու է, որովհետև այդ ներդրումներից հետո ՀԷԿ-երը չափազանց ավելի արդյունավետ կաշխատեն»։
Լրագրողներից մեկի հարցին, թե կա՞ մեխանիզմ, որ կառավարությունը կասեցնի գործընթացը, փոխնախարարը զարմացավ. «Ինչի՞ համար պետք է կասեցնի»։ Պարզաբանմանը, թե նոր կառավարությունը նախկինի մի շարք գործարքներ վերանայում է, փոխնախարարն արձագանքեց. «Համենայն դեպս Էներգետիկայի նախարարությունում ես նման բան չեմ տեսնում, ուրիշ ոլորտներում չգիտեմ»։










