Բրահիմին բացահայտել է Սիրիայի հարցով Իրանի ծրագիրը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին բացահայտել է Սիրիայի հարցով Իրանի առաջարկը, տեղեկացնում է Взгляд-ը։
«Իրանը 4 կետ է առաջարկել՝ կրակի դադարեցում (իշխանության և ընդդիմության կողմից), ազգային միացյալ կառավարության ստեղծում, Սահմանադրության վերանայում՝ նախագահի լիազորությունները նվազեցնելու նպատակով, և նախագահական ընտրությունների անցկացում»,-ասել է Բրահիմին։
Նրա խոսքով՝ գաղափարը հետաքրքիր է և հնարավոր է՝ քննարկվի։ Բրահիմին խոսել է լրագրողների հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հարցով փակ նիստից հետո, որի ընթացքում նա պաշտոնից հեռանալուց առաջ ներկայացրել է իր վերջին զեկույցը։
«Ես առաջարկել եմ 7 հարց, որոնք պետք է քննարկեն, և եթե դրանցով շարժվեն, դա կբերի լուրջ խաղաղ գործընթաց սկսելուն։ Ժնևյան կոմյունիկեն մնալու է կենտրոնում»,-ասել է Բրահիմին։
Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, որ ընդունել է Բրահիմիի հրաժարականը, սակայն նրան փոխարինող դեռ չի նշանակել։










