ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսող սարքեր են դնում կապի արտահանվող սարքավորումներում
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) գաղտնալսող սարքեր է դնում ցանցային համակարգչային սարքավորումներում, որոնք ամերիկյան ընկերություններն արտահանում են։
Ինչպես նշում է Ведомости-ն, այս մասին հայտնի է դարձել բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի լրագրող Գլեն Գրինվալդի՝ երեկ հրատարակված «Ոչ մի տեղ չես թաքնվի» գրքից, որը հիմնված է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների վրա։
Գրքում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է ԱԱԳ-ը գաղտնալսման սարքերը տեղադրում ցանցային սարքավորումներում։ Սնոուդենի ներկայացրած տվյալների համաձայն՝ ԱԱԳ-ն մատչում ունի նույնիսկ արտերկիր ուղարկելու համար արդեն փաթեթավորված ցանցային սարքավորումներին, որոնք արտադրողները տանում են ԱՄՆ-ի մաքսակետ։ Այնտեղ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցներն ուղարկվող ապրանքի մեջ ներդնում են իրենց գաղտնալսող սարքերը, իսկ հետո նորից փաթեթավորում տեխնիկան, դնում են ֆիրմային կնիքներն ու ուղարկում են այն պատվիրատուներին։










