Գերմանիայում հարբեցողներին կառաջարկեն մաքրել փողոցները գարեջրի դիմաց
Գերմանական Էսսեն քաղաքում գործազուրկներին, որոնք տառապում են ալկոհոլային և թմրանյութային կախվածությունից, կառաջարկեն մաքրել փողոցները։ Իրենց աշխատանքի դիմաց վարձատրության մի մասը նրանք կստանան գարեջրի տեսքով, գրում է rbc.ru-ն։
Ծրագիրը, որը մշակել է Addict Support Essen բարեգործական կազմակերպությունը, կսկսի գործել հունիսի կեսերից։ Օրական 3-6 ժամ փողոցները մաքրելով՝ հարբեցողները, բացի գարեջրից, կստանան սնունդ և բժշկական օգնություն։ Ինչպես նաև նրանց կհատկացվեն «գրպանի ծախսեր»՝ 1.25 եվրո մեկ ժամ աշխատանքի դիմաց։
Ծրագիրը կամավորական է և ուղղված է այն մարդկանց, որոնք տառապում են թմրանյութային և ալկոհոլային կախվածությունից, ինչպես նաև նրանց, որոնք նախկինում դատվածություն են ունեցել։
«Մեր նպատակը մարդկանց գարեջուր տրամադրելը չէ»,- ասել են կազմակերպությունում՝ ընդգծելով, որ ծրագրի մասնակիցների համար դա, առաջին հերթին, սեփական օրը կազմակերպելու և այլ կերպ ապրելու հնարավորություն է։
Նմանօրինակ ծրագիր հաջողությամբ գործում է Ամստերդամում։










