Օլանդը Թբիլիսիում սպառնացել է խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ, եթե Ուկրաինայի նախագահական ընտրությունները տապալվեն

10:40 • 14.05.14

Եվրոպական միությունը խստացնելու է պատժամիջոցները Ռուսաստանի և Ուկրաինայի ռուսամետ անջատողականների նկատմամբ, եթե այդ երկրում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները տապալվեն։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո, հայտնում է unian.net-ը՝ «Ազատություն» ռադիոկայանին հղումով։

 

«Մենք պետք է խիստ դիրքորոշում ունենանք Ռուսաստանի հարցում։ Նրա նկատմամբ պատժամիջոցները կուժեղացվեն, եթե ինչ-որ պատճառով նախագահական ընտրությունները չկայանան կամ Ուկրաինայում հերթական ապակայունացումը տեղի ունենա»,-ասել է Օլանդը։

 

Գեորգի Մարգվելաշվիլին իր հերթին մերժել է Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացված շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեների արդյունքները և հայտարարել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին աջակցության մասին։ Նա նաև հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին։

 

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Վրաստան է մեկնել Հայաստանից, մինչ այդ նա Ադրբեջանում էր։