Մարդու իրավունքների առումով իրավիճակն Ադրբեջանում միայն վատթարանում է. Human Rights Watch
Ադրբեջանը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելով, լրջորեն չի կատարում այդ կազմակերպության առաջ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները։ Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի գլխավոր հետազոտող Գեորգի Գոգիան հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների ոլորտում առաջատար կազմակերպություն է, սակայն Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է դրա չափանիշները։
Զեկույցում նշվում է, որ ԵԽ-ն պետք է Ադրբեջանի ղեկավարությանը հստակ հասկացնի, որ անհրաժեշտ է ազատ արձակել կառավարությանը քննադատելու համար անարդարացի կերպով ազատազրկվածներին և խոր բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում։
Զեկույցում նշված է, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել կամ քրեական հետապնդում են իրականացրել առնվազն 38 քաղաքական ակտիվիստի, լրագրողի, բլոգերի հանդեպ, և նրանցից շատերն այժմ էլ կալանքի տակ են՝ մտացածին մեղադրանքներով։
Քրեական հետապնդումները տեղի են ունենում բազմաթիվ խախտումներով, և կասկածի տեղ չեն թողնում, որ այդ քննադատների դեմ մեղադրանքները սարքված են, և նրանց ակտիվությունն ու իշխանությունների հանդեպ քննադատությունը պատժելու նպատակ ունեն։
Զեկույցում նշվում է, որ 2001թ.-ի ԵԽ-ին անդամակցելով՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել ազատ արձակելու քաղբանտարկյալներին և դադարեցնելու ճնշումները կառավարության քննադատների հանդեպ։
2013թ.-ի հունվարին ընդունված ԵԽԽՎ բանաձևը ևս Ադրբեջանի կառավարություններին կոչ է անում վերանայել կասկածելի մեղադրանքներով հարուցված քրեական գործերը։
Չնայած դրան՝ Human Rights Watch-ը կարծում է, որ իրավիճակն Ադրբեջանում միայն վատթարացել է։










