Իռլանդացի քահանային ուղղված Ժակլին Քենեդիի անհայտ նամակներն աճուրդի կհանվեն

12:14 • 14.05.14

Իռլանդացի քահանային ուղղված Ժակլին Քենեդիի անհայտ նամակներն աճուրդի կհանվեն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Irish Times-ին: ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կնոջ և Դուբլինից քահանա Ջոզեֆ Լեոնարդի միջև նամակագրությունը շարունակվել է 14 տարի:

 

Այդ նամակներում առաջին տիկինը քահանայի հետ կիսվել է Քենեդիի հետ ամուսնության վերաբերյալ իր մտքերով և պատմել Սպիտակ տանը կյանքի մասին: Այն ընթացքում, երբ Քենեդին ամերիկյան քաղաքականության ծագող աստղ էր համարվում, նրա կինը նշում էր, որ իր ամուսինը տարված է հավակնություններով՝ «ինչպես Մակբեթը», ասված է հոդվածում:

 

Աճուրդը կկայանա հունիսի 10-ին: Լեոնարդի արխիվի վաճառքով զբաղվում է Sheppard’s Irish Auction House-ը: Աճուրդի տան մամուլի քարտուղար Ֆիլիպ Շեփհարդի խոսքով՝ այդ նամակները 1950-ից մինչև 1964 թվականը Քենեդիի ուրույն ինքնակենսագրությունն են: Նրա կարծիքով՝ արխիվի արժեքը կարող է գերազանցել 1 միլիոն եվրոն։