Հանրապետականը պաշտպանում է Ադունցին, իսկ Վահեն էլ պաշտպանում է՝ թող պաշտպանի Տիգրան Կարապետյանին. Ս.Խաչատրյան

20:37 • 14.05.14

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Գորիսի քաղաքապետի ընտրություններում պաշտպանում է Վաչագան Ադունցին:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի՝ Գորիսի թեկնածուներից Տիգրան Կարապետյանը պարբերաբար հայտարարում է, որ Հանրապետական կուսակցությունը չի պաշտպանում Վաչագան Ադունցին:

 

«Իրան ուրիշ ի՞նչ ասելու ունի, որ ասի, էլի էդ ա մնում՝ ասի: Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է Ադունց Վաչիկին, ոչ մի խնդիր չկա»,-ասաց Սուրիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ անձամբ ամեն ինչ անելու է, որ անցնի Ադունցը:

 

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, Հանրապետական Յուրի Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Վաչագան Ադունցին Հանրապետականի կողմից սատարելու հարց Գորիսի քաղաքապետի ընտրություններում չի եղել, որովհետև խորհրդի նիստ չի եղել, նման հարց չի քննարկվել»:

 

Ի պատասխան հարցի, թե ուրեմն՝ ինչու՞ է Յուրի Սաֆարյանը նման հայտարարություն անում, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Շատ իզուր ա ասում»:


Մեր դիտարկմանը, թե նա Հանրապետականի խորհրդի անդամ է, ասաց. «Ինքը երևի Հանրապետական կուսակցության անդամ էլ չի»:

 

Սյունիքի նախկին մարզպետից փորձեցինք ճշտել նաև, թե ինչպես կգնահատի Սյունիքի ներկա մարզպետի դիրքորոշումը, ով պաշտպանում է իր ընկերոջը՝ Տիգրան Կարապետյանին:


«Է՝ թող պաշտպանի, ի՞նձ ինչ»,-ասաց նա և ի պատասխան հարցի, թե տարօրինակ չէ՞, որ Վահե Հակոբյանը պաշտպանում է այդ թեկնածուին, ասաց.«Շատ տարօրինակ է, երբ Հանրապետականի խորհրդի անդամը Հանրապետականի թեկնածուին չի պաշտպանում»: