Փարիզում սկսել են պայքարել «սիրո կողպեքների» դեմ
Փարիզում մեկնարկել է կամուրջների «սիրո կողպեքների» դեմ արշավը։ Տասնյակ կամուրջներ թեքվում են իրենց ամրացված կողպեքների ծանրության ներքո, որոնք բազմաթիվ սիրահար զույգեր կախում են՝ ի նշան իրենց զգացմունքների, գրում է rosbalt.ru-ն։
Լիզա Անսելմոն և նրա ընկերը համացանցում թողարկել են «No Love Locks» ծրագիրը։ Նրա խոսքով՝ սերը Փարիզը կործանելու առիթ չէ։
«Սիրո կողպեքներ» կախելու ավանդույթը սկսվել է Արվեստների կամրջից, սակայն հետագայում տարածվել է ամբողջ քաղաքում։
Շատ կամուրջներ արդեն չեն երևում կողպեքների շարքերի ետևում, որոնց թիվը հասնում է մինչև 700.000-ի։ Նման կողպեքների 1 քմ-ն կշռում է մինչև 300 կգ, այդ պատճառով էլ կամուրջները, այդ թվում՝ պատմականները, ձևափոխվում են և կործանվում։
Եվս մեկ խնդիր՝ կողպեքների բանալիները։ Ըստ ավանդույթի՝ դրանք նետվում են Սենա գետը, որտեղ արդեն տոննաներով մետաղ է հավաքվել։
Լիզա Անսելմոնը վստահ է, որ «սիրո կողպեք» կախելը բնորոշ է դեռահասներին և մանկամիտներին, և, ընդհանրապես, կողպեքը տարօրինակ խորհրդանիշ է մի ազգի համար, որի կարգախոսը սկսվում է «ազատություն» բառից։
Ներկայում «սիրո կողպեքների» դեմ առցանց խնդրագիրը ստորագրել է մոտ 5.000 մարդ։ Որպես կամուրջների այլընտրանք՝ առաջարկվում է ստեղծել հատուկ վայրեր կողպեքների համար, օրինակ՝ Ելիսեյան դաշտերում կամ քաղաքային պուրակներում։
.










