Նիգերիայի իշխանությունները պատրաստ են բանակցել աշակերտուհիներին առևանգած «Բոկո հարամ» խմբավորման հետ
Նիգերիայի իշխանությունները պատրաստ են բանակցություններ վարել «Բոկո Հարամ» խմբավորման հետ՝ 223 աշակերտուհու ազատ արձակման հարցի շուրջ, որոնց զինյալներն աձևանգել էին ապրիլին:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հայտարարել է Նիգերիայի հատուկ հանձնարարությունների գծով նախարար Կաբիրու Տանիմու Տուրակին:
«Նիգերիան միշտ բաց է ապստամբների հետ երկխոսության համար: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր խնդիրները, այդ թվում՝ առևանգված աշակերտուհիներին ազատ արձակելու հարցը», - ասել է նախարարը:
«Բոկո հարամ» խմբավորումը (հաուսա լեզվից թարգմանաբար՝ «Արևմտյան կրթությունը մեղք է») մի քանի տարի շարունակ պայքար է մղում իշխանությունների դեմ:
Հիշեցնենք, որ «Բոկո հարամի» զինյալներն ապրիլի 14-ին 12-17 տարեկան 276 աշակետուհու են պատանդ վերցրել: Ոստիկանության տվյալներով՝ 53-ին հաջողվել է փախչել: Կրթական հաստատության վրա հարձակումը զինյալները բացատրել են նրանով, որ արևմտյան կրթությունը պետք է դադարեցվի, աղջիկները պետք է լքեն դպրոցը և ամուսնանան:
Մայիսի 12-ին խմբավորման զինյալներն իշխանություններին առաջարկել են առևանգված աղջիկներին փոխանակել բանտարկված գրոհայինների հետ, ինչը, սակայն, իշխանությունները մերժել են:










