ՊՆ ռազմական ոստիկանությունը պարտադիր ժամկետային զինծառայողից ապօրինի գումարի ստացման դեպք է հայտնաբերել

19:42 • 14.05.14

 

 

 

ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:

 

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քր.օր 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: