Սաակաշվիլին ուկրաինական Դնեպրոպետրովսկում է՝ «տեղի իշխանություններին անձամբ շնորհակալություն հայտնելու համար»
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաք՝ բլոկպոստեր այցելելու և տեղական իշխանությունների հետ շփվելու համար, հայտնում է segodnya.ua-ն։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սաակաշվիլին նշել է, որ Դնեպրոպետրովսկն օրինակ է ողջ Ուկրաինայի համար։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Դնեպրոպետրովսկում, բացառիկ նշանակություն ունի։ Դնեպրոպետրովսկը դարձել է Ուկրաինայի կենտրոն։ Կամավորական գումարտակները, որոնք այժմ ձևավորվում են, նոր զինված ուժերի և իրավապահ մարմինների հիմքն են։ Դնեպրոպետրովսկը վերածվել է բարեփոխումների լաբորատորիայի»,- ասել է Սաակաշվիլին։
Նրա կարծիքով՝ ներկայիս նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր թշնամիներից է։ «Կոլոմոյսկու գործողությունները յուրահատուկ են և շատ դրական։ Ես եկել եմ անձամբ նրան շնորհակալություն հայտնելու։ Այնպիսի խոսքեր, ինչպիսին նա է ասել Պուտինի մասին, ես երբեմն մտածել եմ, սակայն չեմ բարձրաձայնել»,- ասել է Սաակաշվիլին։
Պուտինի համար, Սաակաշվիլիի խոսքով, ինքը եղել է թիվ մեկ թշնամին, սակայն այժմ այդ դերը «ստանձնել» է Իգոր Կոլոմոյսկին։
Վրաստանի նախկին նախագահը վստահ է, որ Եվրոպայի ճակատագիրը կախված է Դնեպրոպետրովսկից։ «Պուտինի բոլոր կայսերական հավակնությունները ի չիք են դառնում այս քաղաքին բախվելիս։ Մի՞թե դա հրաշք չէ»,- ասել է Սաակաշվիլին։










