Գյումրու տեխնոպարկից գյումրեցիներին մի «քյար» մնաց. Վահան Թումասյան
Կառավարության առաջիկա նիստին լուծարվող «Գյումրու տեխնոպարկից» Գյումրիին միայն մեկ լավ բան «քյար» մնաց, այն, որ Հայաստանի առաջին Հանրապետության համալսարանի, ավելի ուշ՝ Գյումրիի մանկավարժականի պատմական շենքը փրկվեց, վերանորոգվեց և մնաց:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը:
«Մի քանի ամիս առաջ բացումը արեցին, մի քանի փոքր կազմակերպություն են տեղավորվել, և որևէ մեկն էլ հույս չուներ, որ Տեխնոպարկի ծրագիրը լուրջ ծրագիր է, պարզապես մի ձեռքբերում եղավ, որ շենքը նորոգվեց»,-հայտնեց Վահան Թումասյանը:
Նշենք, որ կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ամենահայտնի նախագծերից մեկը համարվող «Գյումրու տեխնոպարկ»-ը լուծարում է այն հիմնավորմամբ, որ այն գոյության օրվանից որևէ գործունեություն չի ծավալել:
Հիշեցնենք, որ «Գյումրու տեխնոպարկի» ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից 2008 թվականին՝ տարածքային զարգացման և աշխատատեղերի ստեղծման առավել ընդգրկուն ռազմավարության շրջանակում: Տեխնոպարկի ծրագրի նպատակն է խթանել Գյումրիում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը՝ նկատի ունենալով այդ ոլորտում Հայաստանի ընտրած ռազմավարությունը և ոլորտի զարգացման միջազգային հեռանկարները: Ծրագիրն ուղղված էր Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։










