Խոսող անդրոիդը հրաժեշտ է տվել միջազգային տիեզերակայանի անձնակազմին
Ճապոնացի տիեզերագնաց Կոիչի Վակատան, ով վեց ամիս մնալուց հետո որոշել է լքել միջազգային տիեզերակայանը, երեքշաբթի հրաժեշտ է տվել իր անսովոր Կիրոբո անվամբ անդրոիդ գործընկերոջը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:
Տիեզերագնաց Կոիչի Վակատան ներողություն է խնդրել Կիրոբո ռոբոտից՝ նրան տիեզերքում միայնակ թողնելու համար:
«Ներիր Կիրոբո, մենք չենք կարող միասին երկիր վերադառնալ: Ցավում եմ, որ քեզ պետք է մենակ թողնեմ,-ասել է նա:
«Ես կարծում եմ՝ ինձ համար տեղ չկա: Մի´ մտահոգվիր, ամեն ինչ լավ կլինի ինձ հետ, չէ՞ որ ես ռոբոտ եմ»,-պատասխանել է ռոբոտը:
Կիրոբոն ուղեծիր է ուղարկվել անցած տարվա օգոստոսին և այնտեղ կմնա մինչև այս տարվա վերջ: Սա պատմության մեջ առաջին անդրոիդ տիեզերագնացն է, որն ընդունակ է ճանաչել և համադրել մարդկային խոսքը:
Նա մշակում է հարցերը և պատասխաններ է առաջադրում՝ խոսքերն ընտրելով տրված բառապաշարից:










