Վերջ եզդիների ցեղասպանությանն Իրաքում. Հայաստանի եզդիները բողոքի ակցիա արեցին (լուսանկարներ)

16:01 • 15.05.14

Հայաստանի եզդիների ազգային կոմիտեն այսօր Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց՝ ի պաշտպանություն Իրաքում բռնությունների ենթարկվող եզդիների:


Կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանն ասաց, որ վերջին տասը օրերին Իրաքի տարածքում ամեն օր մի քանի եզդիներ են սպանվում:


Նրա խոսքով՝ Սիրիայի սահմանակից Ռաբիա քաղաքում տեղահանվել են ավելի քան 4000 եզդի և ո՛չ Իրաքի իշխանությունները, ո՛չ էլ միջազգային կառույցները ուշադրություն չեն դարձնում խնդրի:


«Տեղահանությունն ու զոհերը օրեցօր ավելանում են: Եթե միջազգային կառույցները միջոցներ չձեռնարկեն, ապա դա կարող է ծայրահեղ ծանր հետևանքների բերել եզդիների համար»,– ասաց նա:


«Իրաքի եզդիական համայնքը կարող է վերանալ, իսկ Ւրաքը եզդիների բնօրրանն է, իսկ բնօրրաննի վերացման դեպքում, եզդիների ոչնչացման տարբերակը առաջնային պլան է գալիս»,- հայտարարեց նա՝ տեղեկացնելով:


ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նրանք պահանջեցին միջոցներ ձեռնարկել, իրենց ձևակերպմամբ, Իրաքում եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու ուղղությամբ։


Բողոքի մասնակիցները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ՝ պահանջելով նաև միջազգային հանրության ուշադրությունը գրավել իրենց ազգակիցների խնդիրների վրա: