Հարուստ մարդկանց երեխաները բանակում սկսել են չծառայել, սրա մասին պետք է խոսել հրապարակայնորեն. Ս. Ֆարմանյան

19:14 • 15.05.14

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե իր համոզմամբ՝ քննարկվող օրինագիծը դեռևս 90-ական թթ-ից սկսած տրամաբանության մեջ չէ, և այն չի նպաստելու զորակոչի արդյունավետության բարձրացմանը։ Նա կոչ արեց ավելի շուտ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ հարուստ մարդկանց երեխաները հայկական բանակում սկսել են չծառայել։

«Օգտագործելով այս առիթը՝ արձանագրենք մենք մեզ համար, որ ունենք եղած խնդիրների այլընտրանքային լուծման եղանակներ, զորակոչի արդյունավետության բարձրացման համար, չգիտեմ բժշկական հանձնաժողովների ստուգումից սկսած՝ վերջացրած իմ մատնանշած փաստը, որ հարուստ մարդկանց երեխաները հայկական բանակում սկսել են չծառայել։ Սրա մասին պետք է խոսել հրապարակայնորեն, այդ ձևով լուծենք, ընդունելության քննությունները լուծենք, բարձրացնենք, կատարելագործենք, բայց չզրկենք մարդկանց դրսում սովորելու հնարավորությունից»,-հայտարարեց պատգամավորը։

Նշենք, որ նախագիծը սահմանում է, որ կրթությունը Հայաստանից դուրս շարունակել ցանկացող արական սեռի քաղաքացիները զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում:

Ֆարմանյանը նկատեց, որդեռ 90-ականներից և ազգային զինուժի ձևավորման գործընթացին զուգահեռ՝ այս հավերժական բանավեճը միշտ եղել է՝ տարկետման իրավունք տա՞լ, թե չտալ, և ինչ չափով տալ։ «Բոլորը պետք է խոստովանեն, որ գործող օրենսդրությունը ժամանակի մեջ տվել է իրավունք տարբեր մարդկանց, ովքեր սովորել են տարբեր բուհերում»,-նշեց նա։

Ֆարմանյանը նշեց, թե կրթական համակարգում ունեցած խնդիրները՝ կոռուպցիոն ռիսկերը ընդունելության քննությունների ժամանակ և այլն, բերել են նրան, որ կանգնել ենք փաստի առաջ, որ քանի որ տարկետման իրավունքը նպատակին չի ծառայում և օգտագործվում է բանակից խուսափելու համար, հետևաբար պետք է տրված այդ հնարավորությունը կամաց-կամաց սահմանափակել և առաջնությունը տալ զինապարտության մասին օրենքին։

«Ինչպիսի պայմաններում էլ մենք լինենք, նույնիսկ եթե երկու հարյուր ուսանողից երեքը, չորսը կամ քսանը վաղը, մյուս օրը կարող են իրենց ծառայությունները մատուցել հայրենիքին, դա չպետք է ստորադասենք մեկ այլ կարևոր ծառայության՝ զինվորական ծառայությանը։ Կարծում եմ՝ այս փիլիսոփայությունը 90-ից սկսած մենք պետք է մերժենք՝ շատ պարզ հիմնավորմամբ. եկեք մտածենք այն մասին, որ հարուստ մարդկանց երեխաները բանակում ծառայեն, մի հատ հաշվենք՝ էդ թիվն արական սեռի ուսանողների թվի հետ ինչ հարաբերակցության մեջ է գտնվում»,-հարցրեց նա։

Ֆարմանյանը շարունակեց, թե ինչքանով է այս մեխանիզմը արդյունավետ և ինքն էլ պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ արդյունավետ չէ, որովհետև կառավարությունը սահմանելու է նոր կարգ, որով իրականում, վատացնելու է արական սեռի ներկայացուցիչների համար տրվող տարկետման հնարավորությունները, որոնք մասնակցում են մրցույթներին ու մեկնում ուսանելու։ Արդյունքում ստացվելու է, հազար ներողություն, այնպես, ինչպես միշտ մեզ մոտ ստացվում է, նույն այդ մարդիկ էլի մեկնելու են՝ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, բայց այլևս բարդացված ընթացակարգերով։ Բոլորս հասկանում ենք՝ ինչի մասին է խոսքը»,-նշեց նա։

Սամվել Ֆարմանյանը թվարկեց այն մեխանիզմները, որոնցից օգտվելով՝ ՀՀ քաղաքացին կարող է արտերկրում կրթություն ստանալ։ Տարբերակներից մեկից օգտվել էր նաև պատգամավորը, երբ առանց կառավարության իմացության՝ ինքնուրույն դիմում են արտերկրի որևէ բուհ, ստանում կրթաթոշակ ու մեկնում սովորելու։

«Ես ինքս այդ ճանապարհով անցել եմ։ Իմիջիայլոց, ես նույնպես ուզում եմ առիթը օգտագործել ու հիշեցնել, որ խոսում են 8,5 մլն դրամ գրավի՝ որպես լուծում հրաշալի բանաձև լինելու մասին։ Ես ինքս 2001թ. ընդունվել եմ Շվեդիայի Լունդի համալսարան և 8,5 մլն դրամ ոչ միայն չեմ ունեցել, այլ նաև իմ բարեկամները միասին չեն ունեցել, որ գրավը մուծեն, ես կրթություն ստանամ՝ օրինակի համար եմ ասում։ Ինչի՞ եք մտածում, որ բոլորը պարտադիր պետք է այդ գումարն ունենան, բերեն՝ գրավ դնեն, որ չխուսափեն, սա աբսուրդ է։ Ես ինքս կրթությունը ստացել եմ, ու ինչպես տեսնում եք՝ չեմ էլ արտագաղթել ու վերադարձել եմ Հայաստան»,-նշեց նա և կրկնեց, որ նախագիծը «ոչ մի տեղ տանող ճանապարհ է ՀՀ-ի համար»։

«Եկեք ինքներս մեզ չխաբենք, եթե 17, 18, 23 տարեկան արական սեռի մասին է խոսքը, ինքն ուզում է բանակից խուսափել և արտագաղթել ՀՀ-ից, ի՞նչ տարբերություն՝ իր էներգիան ու ժամանակը ծախսելու է նրա վրա, որ միջգերատեսչական հանձնաժողովի քննությունների՞ն է մասնակցել, հաղթել, գնացել է՝ ստանալով չնչին կրթաթոշակ, թե՞ ինքնուրույն է անում»,-նշեց նա։