«Լողացող քաղաք». Չինաստանում մտադիր են ջրի տակ մեգապոլիս կառուցել (լուսանկարներ)
Բրիտանա-չինական ճարտարապետական AT Design Office ընկերությունը մշակել է լողացող մեգապոլիսի նախագիծ՝ իր փողոցներով, թաղամասերով և ամբողջական միկրոշրջաններով։ Նախագիծը մշակվում է՝ Հոնկոնգը, Մակաոն և Չժուհայը միացնող կամրջի մոտ այն կառուցելու հնարավորությամբ, գրում է ДНИ.ru-ն։
Քաղաքն իրենից կներկայացնի միասնական բնակելի տարածք՝ երկնաքերերով, բազմաբնակարան շենքերով, անձնական առանձնատներով, վարչական շենքերով, գրասենյակներով, հյուրանոցներով, խանութներով և ռեստորաններով։ Նախագիծն անվանել են Floating City։
Քաղաքի «շենքերը» միմյանց կմիացվեն հետիոտնային մայթերով և ավտոմոբիլային ճանապարհներով։ Այդ ամենը նախագծի հեղինակները պատրաստվում են կառուցել ջրի տակ մի քանի մետր խորության վրա։ Քաղաքում որպես փոխադրամիջոց կծառայեն զբոսանավերն ու ստորջրյա նավերը։
Նախատեսվում է նաև քաղաքում 2 զվարճանքի գոտի կառուցել, որոնցից մեկը կգտնվի ջրի մակերեսին, մյուսը՝ ջրի տակ։





















