Հացառատցիները ցանկանում են առանձնանալ Գավառից ու առանձին համայնք դառնալ. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ բարձրացնելու իրենց հուզող խնդիրները: Նրանց մեծ մասը Երևան էր ժամանել Գավառից և պահանջում Հացառատը դարձնել առանձին համայնք: Նրանցից Սամվել Մուրադյանը նշեց, որ Հացառատը եղել է Գավառի թաղամասերից մեկը, բայց ավագանու որոշումներից մեկի արդյունքում դարձել է նրբանցք: Հացառատցիները պահանջում են, որ իրենց բնակավայրը առանձին համայնքի կարգավիճակ ստանա և ունենա առանձին բյուջե:
«Շատ առաջ Հացառատը գյուղ ա էլել, հետո 1969թ-ին շքել են Քյավառի թաղամաս, էս մի տարին էլ թաղամասը ջնջած, շքած ա նրբանցք: Այսինքն՝ ճամփա են սարքել: Էսօր շատ խնդիրներ ունենք, մեր խնդիրներին փող չեն հատկացնում: Կարում են, թող կարգին պահեն, չեն կարում, թող մեզ առանձնացնեն: Որ առանձնացրին 100%-անոց լուծում է լինելու: Մեր Հացառատում լրիվ աշխատողներ են, միշտ ամենալավ տները մեր մոտ է ելել: Հիմա ճամփեքը քանդած են, հազար խնդիր ունենք»,-ասաց նա:
Հարցին, թե արդեն համայնքի թեկնածու էլ ունե՞ն, պատասխանեց. «Սաղ էլ թեկնածու են»։
Նշենք, որ հացառատցիները իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաև «Գավառի բազմակուսակցական քաղաքապետը մեր երեխաներին խաբում է ու խաբում», «Մանկապարտեզում երեխաները զուգարաններ չունեն» պաստառներով:
Կառավարության շենքի դիմաց էին նաև Վարդենիկի միջնակարգ դպրոցում նախորդ տարի սեպտեմբերի 26-ին ուսուցչի և աշակերտի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով դատապարտված Մեսրոպ Գրիգորյանի եղբայրն ու ընկերները:
«Լրացել ա եղբորս 18 տարին, ինչո՞ւ են բանտ նստեցնում, թող բանակ տանեն: Իմ եղբայրը անմեղ ա, իրան սեռական բնույթի հայհոյանք են տվել, ինքն էլ չի դիմացել՝ կռվի մեջ է մտել»,-ասաց նա:










