Guardian-ի նախկին լրագրող. էլեկտրոնային լրտեսության գլխավոր բացահայտումները դեռ առջևում են

10:34 • 15.05.14

ԱՄՆ հետախուզության կողմից իրականացվող էլեկտրոնային լրտեսության խոշորամասշտաբ ծրագրերի ամենասենսացիոն բացահայտումների հրապարակումը դեռ առջևում է: Դա խոստացել է այդ նյութերը հրապարակման պատրաստող Guardian թերթի նախկին լրագրող Գլեն Գրինվալդը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Հենց նա է անցած տարի սկսել փաստաթղթերի հրապարակումը, որոնք որոշել էր հրապարակայնացնել ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ինչը միջազգային սկանդալ էր առաջացրել:

 

«Մենք աշխատում ենք այն հոդվածների վրա, որոնք, իմ կարծիքով, կլինեն Ազգային անվտանգության գործակալության մասին դեռևս չհրապարակված նյութերից ամենախոշորը, եթե ոչ ամենակարևորը»,- ասել է Գրինվալդը Democracy Now անկախ հեռուստատեսային հաղորդմանը տված հարցազրույցում:


Մեկ օր առաջ Colbert Report երգիծական հեռուստահաղորդման եթերում նա ասել էր. «Ես իսկապես հավատում եմ, որ ամենանշանակալի նյութը, որն ամենամեծ ազդեցությունը կթողնի և կորոշի՝ ինչպես պատմության մեջ կդիտվեն վերջին տասը ամիսների իրադարձությունները, դա նյութն է, որի վրա մենք ներկայում աշխատում ենք: Հուսով ենք՝ այն պատրաստ կլինի 4-8 շաբաթների ընթացքում»,- ասել է նա։