Օլանդն Ադրբեջանում չի կարողացել ծառ ջրել և ֆրանսիացի լրագրողների ծիծաղի առարկան է դարձել (լուսանկարներ)
Ֆրանսիացիներն այնքան են հոգնել իրենց նախագահից, որ հեռուստաընկերությունները որոշել են վերլուծել ոչ թե նրա քաղաքական քայլերը, այլ հումոր անել, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։
Օլանդն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել իր սիրուհիների, միասեռ ամուսնությունների մասին օրենքի, Սիրիա զորք մտցնելու պատրաստակամության և այլ առումներով։ Լրագրողների աչքից չի վրիպել նաև Օլանդի այցն Ադրբեջան։
Canal + հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված տեսանյութում լրագրողները բացահայտել են, որ նա անգամ ի վիճակի չէ ծառ ջրել։ «Իսկ ի՞նչ կարող է անել նա առհասարակ»,- հարցնում են նրանք։
Այցի ընթացքում արված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ֆրանսուա Օլանդն ու Իլհամ Ալիևը ծառ տնկում։ Դրանից հետո Ալիևը բահը խրում է հողի մեջ, իսկ Օլանդն այն տալիս է թիկնապահի ձեռքը։
Հետո, երբ գալիս է ջրելու պահը, Օլանդը վերցնում է ցնցուղն ու այնքան ուժգին թեքում, որ ողջ ջուրը միանգամից թափվում է՝ ցնցուղի անցքերից դուրս գալու փոխարեն։
Հատուկ երկրի նախագահի համար լրագրողները տեսանյութ են պատրաստել այն մասին, թե ինչպես պետք է օգտվել ցնցուղից։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի վարկանիշն այժմ իջել է մինչև 30%-ի, ինչն ամենացածր ցուցանիշն է Ֆրանսիայի բոլոր նախագահների համեմատությամբ։


Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էին տարբեր միջոցառումների ընթացքում Օլանդի «սայթաքումները»։










