Եթե Հովիկ Աբրահամյանը մի գործ նախաձեռնում է, անպայման մինչև վերջ անում է. Համլետ Հարությունյան

17:00 • 15.05.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը գործարարների հետ, արդյո՞ք ներդրումները կավելանան՝ հավատացրեց, որ եթե Հովիկ Աբրահամյանը մի գործ նախաձեռնում է, անպայման մինչև վերջ անում է: «Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը պատահական որևէ բան է անում, եթե մի բան նախաձեռնում է, ապա գործը մինչև վերջ հասցնում է: Այս պարագայում էլ, կարծում եմ, որ անպայման գործարարները կընդառաջեն, ներդրումներ կանեն, ի՞նչ է եղել, հո վարչապետը չի՞ ասում՝ ձեր գումարները եկեք, դրեք, ասում է՝ եկեք աշխատատեղ ստեղծենք, ընդլայնեք արտադրությունը»,-նշեց նա։


Այսինքն՝ նա կարծում է, որ «ստվերը կկրճատվի ու գործարարներն էլ բարեխղճորեն հարկերը կվճարե՞ն» հարցին, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ստվերը վարչապետը չի կրճատում, կրճատում են ուրիշ օրգաններ։ Սա բարի ցանկություն է, բայց ես կարծում եմ, որ կավելացնեն ներդրումները: Ես հավատում եմ, որ գործարարները կգնան այդ քայլին, կընդլայնեն»։


ՀՀԿ պատգամավորը խնդրում է չհամեմատել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանի հետ. «Տիգրան Սարգսյանը՝ առանձին, Հովիկ Աբրահամյանը՝ առանձին, Անդրանիկ Մարգարյանը՝ առանձին. ամեն վարչապետ ունի իր տնտեսական քաղաքականությունը: Եկեք իրար չհամեմատենք, իրար չհակադրենք, բայց Հովիկ Աբրահամյանն այլ ստիլի մարդ է, այլ կառավարման համակարգ է որդեգրել, դրա համար չի կարելի համեմատել: Հետո էլ, համեմատելու համար շուտ է, ուղղակի ես, ճանաչելով Հովիկ Աբրահամյանին, համոզված եմ՝ բավական մեծ բարեփոխումներ են սպասվում»:


Հարցին, թե տեսակետներ կան, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը կարճ կյանք կունենա, Համլետ Հարությունյանը հակադարձեց, թե նույնն ասում էին, երբ վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը, մինչդեռ նա դարձավ ամենաերկարակյաց վարչապետը:


«Դրա համար կանխորոշել, թե կարճ կյանք կունենա, երկար կյանք, կռկռոց է: Չուզողություն էլ չի, կառկառություն է, ինչի՞ չեք ուզում, որ հավատանք, պետք է հավատանք: Վարչապետն էլ մարդ է, ինչու բացի քննադատությունից մի երկու լավ բառ էլ չեք ասում, նեցուկ կանգնում, ոգևորում»,-նշեց նա և վերջում հավելեց, թե Հովիկ Աբրահամյանի վարկանիշը բարձր է, շատ բարձր։ «Իսկ նրան չուզողներն էլ՝ ժողովրդի նման են, ժողովուրդը ոնց է՝ հարևանդ լավ է ապրում, նախանձում ես, փոխանակ ասես, որ ինքը լավ լինի, ես էլ լավ կլինեմ»,-նշեց նա: