Մենք բոլորի հետ պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք հավասար դաշտում. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց ներկաներին, որ երեկ հանդիպել է երկրի խոշոր գործարարների հետ և քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր ու սահմանել խաղի կանոններ:
«Մենք բոլորի հետ պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք հավասար դաշտում, ամեն ինչ պետք է անեն, որ ստվերից դուրս գան, սա պարտադիր պայման է և մինչև հուլիսի մեկը ժամանակ ենք տվել, որ իրենք ինքնուրույն, իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում»,-ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը հանձնարարական է տվել ֆինանսների նախարարին, որ հետամուտ լինի իրականացվող աշխատանքներին:
«Ես գտնում եմ և ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք մեր լծակները օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք ազատ պայմաններում իրենց հետ քննարկումներ անել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրները կառավարության առաջ դրված են շատ հստակ: Մենք անպայման հետամուտ ենք լինելու, որ խաղի կանոնները բոլորը պահեն»,-ասաց վարչապետը:










