Սին են մտայնությունները, թե հնարավոր է ինչ-որ բան շղարշի տակ թաքցնել մեր երկրում. Հ. Նաղդալյան

14:56 • 15.05.14

«Պետական գնումների մասին» ՀՀ օրենքում և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ի հակադրություն բոլոր քննադատական ելույթների հայտարարեց, թե սին են այն բոլոր մտայնությունները, թե հնարավոր է ինչ-որ բան «գաղտնի պահել, շվաքի տակ, շղարշի տակ թաքցնել մեր երկրում»։

Նշենք, որ նախագիծն առաջարկում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պայմաններում:

«Դա ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը շատ փոքր է, և բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ոչ միայն այն պատճառով, որ հանրահայտ է հազարամյակներով, որ ոչ մի բան ի վերջո գաղտնի չի մնում, այլ այն, որ մենք, սիրելի կոլեգաներ, ունենք երդում և այս դահլիճում նստած՝ իրականացնում ենք հանրային վերահսկողություն»,-ասաց նա և նշեց, որ բյուջեն ընդունելու ժամանակ առանձին նիստ են ունենում, որի ժամանակ մանրամասնորեն քննարկում են բոլոր ծախսերը։

Նա նշեց, թե նման հնչեղ հայտարարությունները, որ ծախսերը փակ են, հանրությանը թյուրիմացության մեջ գցելու համար են։

Ըստ նրա, Կառավարությունն ընդամենն այս նախագծով ԱԺ-ի առջև դրել է խնդիր՝ օրենսդրական «այսպես ասած՝ ծավալը հնարավորինս մաքրել»։ «Եվ այսօր այս օրակարգն իրականացնում ենք, որևէ հրատապություն չկա, ինչպես նաև չկա գաղտնիության որևէ նշույլ մեզ համար, ուզում եմ կրկնել ԱԺ նախագահի այն միտքը, որ գաղտնին դա թաքունը չէ: Թաքնված բանը երբևիցե թաքուն չի մնում: Անվտանգության տեսակետից ավելի ուշադիր պետք է լինել»,-նշեց նա։