2014 թ-ին ավագ դպրոցը կավարտի 25 հազ. շրջանավարտ՝ 5000-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից
Մայիսի 23-ին ավագ դպրոցը կավարտի շուրջ 25 հազար շրջանավարտ: Այս թիվը 5000-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Tert.am-ի հետ զրույցում կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը բացատրեց, որ աշակերտների թիվը պակասել է ո´չ թե արտագաղթի պատճառով, այլ՝ 9-րդ դասարանից հետո վարժարաններ, մասնագիտացված կրթական հաստատություններ տեղափոխումով:
«Այսինքն՝ ավագ դպրոցների այս ծրագիրը կայուն տեղ է գտել. 9-րդ դասարանից հետո արդեն երեխան գտնում է իր համար ցանկալի կրթական հաստատությունը, և պարտադիր չէ, որ նա ավարտի հենց ավագ դպրոցը: Դրանով մենք ապացուցեցինք, որ նրանք տարբեր նախասիրություններ ունեն ու տարբեր տեղեր են ցանկանում սովորել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այս օրերին «Վերջին զանգի» միջոցառումների համար հավաքվող գումարներին, Նարինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի դեռևս թեժ գծի միջոցով ոչ մի բողոք չեն ստացել:
« Որևէ ծնող կամ աշակերտ դժոհություն չի հայտնել մեզ: Ավելին՝ հակառակ պատկերն ունենք, զանգել էին ու խնդրում էին, որ թույլ տանք՝ Պարոնյանի անվան թատրոնում անցկացնեն միջոցառումը, չնայած տնօրենը համոզում էր բակում անցկացնել: Մենք ասացինք, որ նախարարությունը չի կարող այդ հարցին միջամտել: Մենք այս օրերին միշտ կոչ ենք անում զերծ մնալ ճոխություններից, բայց եթե ծնողները նախաձեռնում են, մենք անկարող ենք արգելել: Դպրոցը որևէ կապ չունի խնջույքների, շորերի, վարձվող կամերաների հետ: Նախարարությունը այստեղ որևէ բան անել չի կարող»,-ասաց նա:
Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մայիսի 23-ին մայրաքաղաքում մեծ միջոցառում է անցկացվելու, սակայն դեռևս վերջնական որոշված չէ՝ Ազատությա՞ն, թե՞ Հանրապետության հրապարակում:










