ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ում նոր ներդրումներից հրաժարվելու հարցը՝ որպես հնարավոր նոր պատժամիջոց

13:27 • 15.05.14

ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության ոլորտների նկատմամբ կայանալու են հիմնականում ամերիկյան ընկերությունների կողմից նոր ներդրումներից հրաժարվելու տեսքով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հայտնում  է «Ինտերֆաքս»-ը։

 

«Մեր կողմից մենք խոսում ենք էներգետիկ, ֆինանսական, պաշտպանական ոլորտներում պատժամիջոցների մասին՝ նախևառաջ ռուսական տնտեսության մեջ նոր ներդրումներից հրաժարվելու համար»,-ասել է Նուլանդը՝ Լյուքսեմբուրգում կայացած Ուկրաինայի հարցով «կլոր սեղանի» ընթացքում։

 

«Նույն կերպ խոսքն այն մասին չէ, որ մենք պետք է կտրենք այն, ինչ արել ենք մինչ այժմ, սակայն հստակ հասկացնել ենք տալու, որ մեր ընկերությունները պատրաստ չեն նոր ներդրումների»,-ասել է պետքարտուղարի տեղակալը։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այդ քայլերը տեղի կունենան, եթե տապալվեն ընտրություններն Ուկրաինայում կամ երբ Ռուսաստանը հավելյալ զորքեր մտցնի այդ երկիր։

 

Ավելի վաղ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Կանադան, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, պատժամիջոցներ էին կիրառել մի շարք ռուս պաշտոնյաների հանդեպ։ Պատժամիջոցներն արգելել էին մուտքն այդ երկրներ և սառեցվել էին նրանց հաշիվները։