Հայտնի է դարձել առնվազն 281 մարդու մահվան պատճառ դարձած «Սևոլ» նավի կործանման պատճառը

15:49 • 15.05.14

Ապրիլի 16-ին Հարավային Կորեայի ափերի մոտ «Սևոլ» նավի կործանման պատճառն ուղղության կտրուկ փոփոխումն է եղել։ Ինչպես տեղեկացնում է Лента-ն, այս մասին հայտնել են հարավկորեացի քննիչները՝ ընդգծելով, որ սա նախնական հետաքննության արդյունքն է։

 

Նշվում է, որ Չինդո կղզուց ոչ հեռու գտնվող նեղ նեղուցով անցնելու ժամանակ «Սևոլը» 15 աստիճանով կտրուկ թեքվել է։ Սակայն գերբեռնված լինելու պատճառով այն չի կարողացել պահպանել հավասարակշռությունը, ինչից հետո նավը շրջվել է։

 

«Նավապետն ու անձնակազմի մյուս անդամներն իմացել են, որ «Սևոլին» շատ ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ հավասարակշռությունը վերականգնելու համար»,-նշել է քննիչներից մեկը՝ հավելելով, որ ճամփորդությունից առաջ նավի անձնակազմը ստացել է բոլոր անհրաժեշտ ցուցումները։ Մասնավորապես, նրանց արգելված է եղել կտրուկ փոխել նավի ուղղությունը։

 

Հետաքննության արդյունքում պարզվել է նաև, որ ճակատագրական մանյովրի իրականացման ժամանակ նավապետը խցիկում չի եղել։

 

«Սևոլում» գտնվել է 476 մարդ, որից 281-ի մահն արդեն հաստատված է, իսկ 23-ն անհետ կորած է համարվում։