Առաջին անգամ New York Times-ի գլխավոր խմբագիր է դարձել աֆրոամերիկացին

14:36 • 15.05.14

New York Times ամերիկյան թերթը հայտարարել է գործադիր խմբագիր Ջիլ Աբրամսոնի աշխատանքից հեռանալու մասին, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թվականից, գրում է «Дождь»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

60-ամյա Աբրամսոնը եղել է առաջին կինը, որ գլխավորել է New York Times-ի խմբագրակազմը։

 

Նրա հեռանալու մասին աշխատակիցներին հայտնել է New York Times ընկերության տնօրեն Արթուր Սուլցբերգեր կրտսերը։

Ընդ որում՝ Սուլցբերգերը չի նշել Աբրամսոնի անսպասելի աշխատանքից հեռանալու պատճառները:

 

Հաղորդվում է, որ Աբրամսոնի տեղը կզբաղեցնի նրա փոխխմբագիրը, թերթի գործադիր խմբագիր, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Դին Բաքետը:

 

57-ամյա Բաքետը՝ Los Angeles Times-ի նախկին խմբագիրը, կդառնա New York Times-ի 162-ամյա պատմության ընթացքում առաջին աֆրոամերիկացի ղեկավարը։


Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երբ Սուլցբերգերը հայտարարել է Աբրամսոնին փոխարինողի անունը, թերթի խմբագրությունում ծափահարություններ են հնչել: