Թուրքիայի վարչապետի խորհրդականը ցուցարարի է ծեծել

13:49 • 15.05.14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յուսուֆ Երքելը ծեծել է 280-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձած ածխահանքում վթարից հետո բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարներից մեկին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Hurriyet Daily News-ին:

 

Լուսանկարիչները լուսանկարել են խորհրդականին այն պահին, երբ նա ոտքերով հարվածելիս է եղել ցուցարարին: Թերթի տեղեկություններով՝ Երքելը երեք կամ չորս անգամ հարվածել է ցուցարարին՝ մինչ նրան պահել է երկու զինվոր: Դրանից առաջ վիրավորը հարվածել էր վարչապետի ավտոշարասյունից ավտոմեքենայի:

 

Չորեքշաբթի Սոմայի ածխահանքում վթարի առնչությամբ Անկարայի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ: Նրանք վանկարկել են հակակառավարական կարգախոսներ և քարեր նետել ոստիկանների վրա:

 

Երքելի գործողությունները բուռն արձագանք են գտել թուրքական ԶԼՄ-ներում և սոցցանցերում: Պաշտոնյան հաստատել է, որ լուսանկարում իսկապես ինքն է, և խոստացել է պաշտոնական հայտարարություն անել:

 

Twitter-ի օգտատերերից մեկը շտապել է պաշտպանել Երքելին՝ հայտարարելով, որ վիրավորը հանքափոր չի եղել: «Սադրիչը Երիտասարդական միության անդամ է, այլ ոչ Սոմայի հանքում տուժած, նա վիրավորում է վարչապետի խորհրդականին: Իսկ նա պետք է ոչ մի կերպ չարձագանքի՞ դրան»,- հայտարարել է Էսատ անունով օգտատերը։