Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը. ՄԱԿ

13:54 • 16.05.14

ՄԱԿ-ի միջուկային փորձագետների խորհուրդն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ թեև Թեհրանը վերջին շրջանում զգալի նվազեցրել է ծրագրի զարգացման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը, այնուհանդերձ իսլամական պետությունը չի հրաժարվել բալիստիկ հրթիռներ ստեղծելու մտքից ու շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին օրեր առաջ ասել էր, որ Արևմուտքը պետք է «հիմար» լինի՝ ակնկալելով, որ իր երկիրը կարգելափակի հրթիռային զարգացման ծրագիրը։

 

Իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա, անձի գաղտնիության հիմունքներով, տեղեկացրել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռների ստեղծման համար անհրաժեշտ մասերը գնում է տարբեր երկրներից, որոնց շարքում են Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ հրթիռների հավաքումը տեղի է ունենում Իրանում։

 

ՄԱԿ-ի փորձագետների խորհուրդը 49-էջանոց զեկույցում ընդգծել է, որ Իրանի հրթիռային ծրագրի զարգացման գործընթացին հետևելն այնքան էլ հեշտ չէ՝ իսլամական պետության ոչ թափանցիկ գործունեության պատճառով։
 

Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը. ՄԱԿ