Google-ը կկատարի ԵՄ-ի դատարանի որոշումը առաջիկա շաբաթների ընթացքում

11:27 • 16.05.14

Ամերիկյան Google կորպորացիան կկատարի ԵՄ-ի դատարանի որոշումն առաջիկա շաբաթների ընթացքում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին, որն էլ վկայակոչում է ընկերության հայտարարությունը:

 

Եվրոպական դատարանի որոշման մեջ ասվում է, որ օգտատերերն իրավունք ունեն պահանջել որոնողական համակարգերից հեռացնել իրենց մասին հիշատակումները որոնման արդյունքներից: Առայժմ տվյալ վճիռը վերաբերում է միայն Google-ին:

 

Սպասվում է, որ որոնողական արդյունքներից տվյալների հեռացման համար համապատասխան մեխանիզմը Google-ը կմշակի առաջիկա շաբաթների ընթացքում: Կորպորացիայում բացատրել են, որ ԵՄ-ի դատարանի պահանջների կատարումը դժվար գործընթաց է և պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, այդ թվում՝ մեծ քանակությամբ լեզուների պատճառով, որոնց համար կարող է պահանջվել տվյալ մեխանիզմը։

 

Օգտատերերին կտեղեկացվի, երբ վճիռն իրականացնելու համար ստեղծվի կիրառելի մեթոդ, խոստանում են Google-ում: «Դրա համար կարող է մի քանի շաբաթ պահանջվել»,- հավելել են ընկերությունում։

Google-ը կկատարի ԵՄ-ի դատարանի որոշումը առաջիկա շաբաթների ընթացքում