Google-ը Եվրամիության բնակիչներից իրենց տվյալները հեռացնելու խնդրանքով բազում դիմումներ է ստացել. ԶԼՄ-ներ

13:16 • 17.05.14

Եվրոպական դատարանի որոշումից հետո, համաձայն որի համացանցի օգտատերերն իրավունք ունեն պահանջելու հեռացնել իրենց մասին տվյալները որոնման արդյունքներից, Google ընկերությունը տեղեկատվությունը ջնջել ցանկացողներից բազմաթիվ դիմումներ է ստացել, գրում է Russia Today-ը:

 

ԵՄ քաղաքացիները հերթ են կանգնում, որպեսզի հեռացնեն Google-ի որոնողական արդյունքներից իրենց անցյալի որոշ պահեր: Դատարանի վճռից հետո տեխնիկական հսկան փորձում է ստացված բազմաթիվ դիմումների մշակման համար մեխանիզմ գտնել։

 

«ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալներով՝ Եվրամիության անդամ 28 երկրների 500 միլիոնից ավելի քաղաքացի այժմ օրինական իրավունք ունի պահանջելու Google-ի ծառայություններից հեռացնել հնացած փաստերը: Ընկերությունն այդ խնդրի լուծման ընթացքում կարող է բախվել հսկայական ֆինանսական ծախսերի:

 

Մայիսի 13-ին Եվրամիության դատարանը վճիռ էր կայացրել, որ այսուհետ ցանկացած օգտատեր կարող է դիմել Google ընկերությանը՝ խնդրելով հեռացնել իր անձնական տվյալները որոնողական համակարգից: Google-ում հայտնել են, որ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ, և դատարանի վճիռն իրականացնելու համար նրանցից մի քանի շաբաթ կպահանջվի:

Google-ը Եվրամիության բնակիչներից իրենց տվյալները հեռացնելու խնդրանքով բազում դիմումներ է ստացել. ԶԼՄ-ներ