«Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալը նկատողություն է ստացել՝ ՌԴ-ում Twitter-ի հնարավոր փակման մասին հայտարարության համար
Չնայած Ռուսաստանում Twitter և Facebook սոցցանցերի հնարավոր արգելափակման մասին հայտարարությունների հերքմանը՝ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովին նկատողություն է հայտարարվել «պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար»։ Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Կապի նախարարության մամուլի ծառայությունից։
Կսենզովի նկատմամբ ծառայողական ստուգում անցկացնելու հարցերով հանձնաժողովի եզրակացության հիման վրա նախարար Նիկոլայ Նիկիֆորովը «կարգապահական տույժի կիրառման մասին» որոշում է կայացրել, նշել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալը հայտարարել էր, որ Ռուսաստանում հնարավոր է Twitter և Facebook սոցիալական ցանցերն արգելափակվեն։










