Անգլիայում ներկայացրել են 40 000 գդալից պատրաստված գորիլայի արձանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության արքայազն Մայքլը ներկայացրել է աճպարար և շոումեն Ուրի Գելլերի համար պատրաստված հսկա գորիլայի արձանը:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը` 3.6 մետր բարձրությամբ հսկա գորիլան պատրաստվել է աշխարհի տարբեր ծայրերից և տեղի դպրոցներից նվիրաբերված 40 000 գդալից 5 ամսվա աշխատանքի արդյունքում:
«Գդալեղենը» շրջագայել է տարբեր երկրներում` Չինաստանում, Հնդկաստանում, Քենիայում, Հայաստանում և Թաիթիում` հայտնվելով Բրիտանական երկաթագործության կենտրոնում Օսվեստրի քաղաքում, որտեղ արձանը ցուցադրվում է:
Ուրի Գելլերը, ով ողջ աշխարհում հայտնի է որպես մոգ և մեդիում, ինչպես նաև գդալներ կռելու իր ունակությամբ, արձանի համար ևս նվիրաբերել է իր գդալներից մեկը, որը նախապես պատկանել է Ուինստոն Չերչիլին:
Գելլերը պլանավորում է գորիլան կանգնեցնել իր այգում, որտեղ արդեն կա ապակե բուրգ, գդալներով ծածկված «Կադիլակ» և Դավթի աստղը ` ստեղծված ավելի քան 200 բյուրեղներից:














