ՆԱՍԱ-ն «թռչող ափսե» կփորձարկի, որով տիեզերագնացներին Մարս կտեղափոխեն

19:11 • 19.05.14

ՆԱՍԱ-ն առաջին անգամ «թռչող ափսե» կփորձարկի Երկրի վերնոլորտում (ստրատոսֆերա), որն ապագայում կկիրառվի տիեզերագնացներին և ուղեբեռը Մարս ուղարկելու համար:


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` ամերիկյան տիեզերական գերատեսչությանը հղումով, փորձարկումները կանցկացվեն հունիսի առաջին կեսին՝ Հավայան արշիպելագի Կաուաի կղզում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային պոլիգոնում:


Սկավառակի տեսք ունեցող և ձևով «թռչող ափսեի» նմանվող սարքն ստացել է «գերձայնային արագության աերոդինամիկ փչովի արգելակիչ» անվանումը: Նախագծողների մտահղացմամբ` այն կամրացվի տիեզերանավերի հիմքում, որպեսզի ապահովի դրանց արգելակումը մարսիական մթնոլորտում և փափուկ վայրէջքը Մարսի մակերեսին:


Ներկա պահին ՆԱՍԱ-ն երկու նման սարք է մշակել` 6 և 8 մետր տրամագծով, որոնք նախատեսված են համապատասխանաբար տիեզերական բեռնատարների և տիեզերանավերի համար:


Կառույցը համալրված է 33.5 մետր տրամաչափ ունեցող հսկա պարաշյուտով, որը պետք է ապահովի ծանր բեռների իջեցումն ու տեղակայումը Մարսի վրա: Համեմատության համար նշվում է, որ Curiosity մարսագնացը տեղափոխվել է երկու անգամ ավելի փոքր պարաշյուտով:
 

ՆԱՍԱ-ն «թռչող ափսե» կփորձարկի, որով տիեզերագնացներին Մարս կտեղափոխեն