Կառավարության ծրագիրը նախորդի նման ֆինանսիստի ծրագիր չէ. Հրանտ Բագրատյան

20:39 • 21.05.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը Tert.am-ի հետ զրույցում անկեղծ խոստովանում է՝ Կառավարության ծրագիրը նախորդի նման ֆինանսիստի ծրագիր չէ։

 

«Ես գնահատող չեմ, ընդդիմադիր գործիչ եմ, իմ գնահատականի խնդիրը չի, բայց կան հարցեր, որ նախկինում մոտ չէին ուզում գալ, սա ֆինանսիստի ծրագիր չէ։ Կային խոշոր հարցեր, որոնք ավելի վաղ արտահայտված էին «100 քայլ» ծրագրում»,-նշեց նա։


Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այս ծրագրում ավելի քիչ թվեր են ներկայացված, քան՝ նախորդում, նախկին վարչապետը պատասխանեց. «Թվեր ներկայացնելը կապ չունի, կան սկզբունքային քայլեր, որոնք նախորդում հնարավոր չէր տեսնել, բանկերի ծրագիր էր միշտ գալիս, իսկ այստեղ, օրինակ, նկատեցիք՝ ավելացրած արժեքի հարկը սահմանին վերացնելը համ համահայկան հիմնադրամը... Նախկինում հնարավոր չէր լինի դրանց մասին խոսել»։

 


Իսկ հարցին՝ Կառավարության առկա կազմով հնարավոր կլինի՞ լուծել այդ ծրագրերը, Բագրատյանը պատասխանեց։ «Սա այն օպտիմալ կազմը չէ, բալանսը խախտված է, սովորաբար՝ գերադասելի է այնպիսի Կառավարությունը, որը չեզոք լինի, չեզոքության սկզբունքը խախտված է։ Ոչ ոք չի ասում՝ ունևորը կամ բիզնեսմենը չի կարող ղեկավարել, բոլոր քաղաքացիները հավասար են, բայց բալանսը մի քիչ դեպի այն կողմն է»,-նշեց նա։


Ինչ վերաբերում է Վարչապետերի ակումբ ստեղծելու՝ Հովիկ Աբրահամյանի մտադրութանը, Բագրատյանը նշեց, թե այդքան էլ չի հասկացել առաջարկի էությունը. «Ես ո´չ միայն կարծիք եմ հայտնում, այլև՝ գնում, նստում, գրում եմ, ձեզ էլ ասում եմ՝ էս էլ լուծումը, ի՞նչ կա դրա մեջ»։


Իսկ թե պատրա՞ստ է նախկին վարչապետերի հետ նստել մի սեղանի շուրջ՝ Բագրատյանը պատասխանեց. «Ոնց որ դուք, այնպես էլ՝ ես։ Դեռ առաջարկ չեն արել, մամուլով են ասել, խնդիր չեմ տեսնում»։