eBay-ը խոշորագույն կիբերհարձակման է ենթարկվել, որից հետո խնդրել է հաճախորդներին՝ փոխել գաղտնաբառերը
Ամերիկյան eBay առցանց աճուրդային ընկերությունը տեղեկացրել է ընկերության պատմության մեջ տվյալների բազայի վրա իրականացված խոշորագույն կիբերհարձակման մասին: Ինչպես տեղկացնում է Газета.Ru-ն` France-Presse գործակալությանը հղումով, հանցագործները ներխուժել են հաճախորդների գաղտնաբառերի և այլ անձնական տվյալների բազա:
Կալիֆորնիական ընկերությունն իր հաճախորդներին ծանուցում է ուղարկել` կոչ անելով նրանց՝ փոխել իրենց գաղտնաբառերն իրենց անձնական և ֆինանսական տվյալների պաշտպանության համար:
eBay-ի աղբյուրի խոսքով` կիբերհարձակումն իրականացվել է փետրվարի վերջ-մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում: Հարձակման ենթարկված տվյալները ներառում էին հաճախորդների անունները, կոդավորված գաղտնաբառերը, էլեկտրոնային փոստի հասցեները, փոստային հասցեները, հեռախոսահամարներն ու նրանց ծննդյան ամսաթվերը:










