ՀԴԲ-ն կվերանայի մարիխուանայի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ նոր ծրագրավորողների ներգրավելու համար
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) դիտարկում է մարիխուանայի վերաբերյալ քաղաքականության հնարավոր փոփոխությունը՝ նոր ծրագրավորողների գրավելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին, որն էլ վկայակոչում է բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին:
Ներկայիս կանոնների համաձայն՝ հատուկ ծառայությունն աշխատանքի չի ընդունում անձանց, որոնք օգտագործել են այդ թմրանյութը վերջին երեք տարիների ընթացքում:
Կոմիի խոսքով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն կարող է վերանայել իր դիրքորոշումը, որպեսզի գրավի նոր տաղանդավոր ծրագրավորողների, հատկապես նրանց, ովքեր կարող են պայքարել ամենալավ հաքերների և կիբերհանցագործների դեմ:
Այս տարի բյուրոյում թույլ են տվել աշխատանքի ընդունել 2 հազար աշխատակցի: Ինչպես նշել է Կոմին, նոր աշխատակիցների մեծ մասը կզբաղվի կիբերհանցագործությունների դեմ պայքարով: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի լավագույն ծրագրավորողները հաճախ սիրում են մարիխուանա, հավելել է բյուրոյի տնօրենը:










