Ողջունելի է «և´, և´»-ի քաղաքականությունը, ինչպես նաև՝ լավ է, որ ՄՄ-ին անդամակցումը դանդաղում է. Գագիկ Մակարյան
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կողմ է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը դանդաղի, ինչպես նաև՝ կողմ է, որ մեր երկիրը որդեգրի «և´, և´»-ի քաղաքականությունը:
Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Մակարյանն ասաց, որ ինքն այդ մասին միշտ բարձրաձայնել է, և իր կարծիքը չի փոխել:
«Դրա համար երկու պատճառ եմ տեսնում. նախ՝ ուզում եմ, որ մեր պետությունը զգուշավորության ռեժիմի մեջ մնա, քանի որ Ռուսաստանի հետ կապված այս ճակատագրական փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ: Երկրորդն այն է, որ եթե նայում ենք, թե Մաքսային միության շրջանակում մենք ինչ ենք վաճառում այսօր, ապա կարող եմ ասել, որ մենք շատ փայլուն ցուցանիշներ չունենք և՛ քանակական առումով, և՛ ապրանքների տեսակով: Կարծում եմ, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր Կառավարությունը փորձում է երկու մոդելն էլ աշխատեցնել՝ Մաքսային միություն և Եվրամիություն»,-նշեց Գործատուների միության նախագահը:
Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այդ կապակցությամբ բավական հետաքրքիր մտքեր է արտահայտել:
«Նա նշեց՝ մենք փնտրում ենք Հայաստան-Եվրամիություջն հարաբերությունների, Ասոցացման համաձայնագիր կնելու նոր լուծումներ, այսինքն՝ հաշվի չառնելով նախկին դեպքերը, և որպեսզի դա չհակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Ֆրանսիայի նախագահը նաև ասաց, որ Հայաստանը ցամաքային շրջափակված պետություն է, և տրանսպորտային խնդիրների պատճառով մեր ապրանքները թանկ են լինում և ոչ մրցունակ»:
Ըստ Գագիկ Մակարյանի՝ որքան ձգձգվում է Մաքսային միությանն անդամակցության գործընթացը, այնքան բանակցությունների որակը կարող է լավանալ:
«Մենք կարծես գնում ենք Մաքսային միություն, բայց դեռ չենք գնում, Եվրոպան էլ փորձում է մեզ իր կողմը տանել՝ գրավել, հրապուրել»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը:
Նրա բնորոշմամաբ՝ Հայաստանը մի հետաքրքիր գործոն է օգտագործում, որի մասին նշել է նաև ՀՀ Նախագահը:
«Մաքսային միության երկրները 200 մլն բնակչություն ունեն, իսկ դա Եվրամիության բնակչության կեսն է: Այսինքն՝ Եվրամիությանը մենք նաև գայթակղում ենք՝ ասելով, թե Հայաստանում բիզնեսներ դրեք և զարգացրեք, և մեր միջոցով նաև արտահանեք Մաքսային միություն: Այսինքն՝ 200 մլն-անոց շուկա կա, որի կամուրջը կարող է լինել Հայաստանը»,-նշեց Գագիկ Մակարյանը:
Ինչ վերաբերում է «և´, և´»-ի քաղաքականությանը, ապա Գագիկ Մակարյանը շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահն էլ չէր ժխտում այդ տարբերակը, իսկ դա կարևոր է, որովհետև Ֆրանսիան Եվրամիության հիմնադիր պետություններից է:
«Իհարկե՝ ողջունելի է «և´, և´»-ի քաղաքականությունը, քանի որ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ Ռուսաստանը կարող է վիրավոր գազանի նման հարձակվել: Դրա համար պետք է ձգձգել և տեսնել, թե Ռուսաստանի հետ ինչ է տեղի ունենում»,-հավելեց Գագիկ Մակարյանը:










