Վարդան Պետրոսյանի դատավարությունը հիշեցնում է Կաֆկայի հայտնի վեպը. ֆրանսիացի փաստաբան

12:48 • 21.05.14

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով Հակոբյան եղբայրների մահվան և այլ անձանց վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությունը հիշեցնում է Ֆրանց Կաֆկայի հայտնի «Դատավարություն» վեպը՝ իր աբսուրդ իրավիճակներով: Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզեն։

«Արդեն ամիսներ շարունակ իրերը գլխիվայր են շուռ են տրված, երրորդ անգամ եմ գտնվում, վերջապես երեկվա նիստի ժամանակ կարողացա ելույթ ունենալ։ Իսկապես վշտացա և շատ տխուր եմ՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց փաստաբանը: Նա հավելեց, որ այսօր հայ և ֆրանսիացի փաստաբանները գիտեն, որ դերասանի դատավարությունն ընթանում է Հայաստանի կողմից ստորագրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ:

«Նման խախտում է, երբ մարդուն չեն մեղադրում, ինչ-որ բանի համար, բայց հետո որոշում են, որ այդ հարցում պետք է մեղադրվի։ Խախտում է, երբ երկարաձգում են նախնական կալանքը՝ առանց մարդուն ասելու՝ ինչո՞ւ և ինչքան ժամանակով։ Եվ խախտում է, երբ այդ աստիճանի խառնվում են մեղադրող և տուժող կողմի փաստաբանները, երբ դժվար է տարբերակել տուժող կողմի փաստաբանից: Եվ ես երեկ էլ դատարանում ասացի, որ չեմ կարողանում հասկանալ՝ ով ով է»,-հայտարարեց Մարի Դոզեն:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Վարդան Պետրոսյանի դատավարությունը, ով մեղադրվում է նախորդ տարվա հոկտեմբերի 13-ին Երևան Եղվարդ ավտոճանապարհի եղած խոշոր վթարում մասնակցության համար և ավելի քան 6 ամիս գտնվում է նախնական կալանքի տակ:

Մարի Դոզեն հավելեց, որ Կոտայքի դատարանի՝ նախօրեին կայացրած որոշումը կարող էր ծիծաղ առաջացնել, եթե չվերաբերեր մարդու ազատությանը: «Հինգ, վեց, թե յոթ տարի հետո, այս դատավարության համար Հայաստանը կդատապարտվի Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի կողմից»,–վստահություն հայտնեց Մարի Դոզեն:

Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու այսքան ժամանակ չէր ասվում, թե ինչու է Վարդան Պետրոսյանը պահվում նախնական կալանքի տակ. «Մինչդեռ, օ հրաշք, դատարանը երեկ վերջապես կարողացավ 2 հիմք մատնանշել, թե ինչու է Վարդան Պետրոսյանի կալանքի տակ վերցված»:

Հիշեցնենք, նախնական կալանքը երկարաձգելու հիմքերից առաջինն այն է, որ հակառակ պարագայում փախուստի վտանգ կա։ Սակայն, ըստ փաստաբանի, թե ինչու և ինչ փախուստի վտանգի մասին է խոսքը, դատարանը, չգիտես ինչու, չի ասում։ 

Մյուս հիմքն այն է, որ մեղադրյալը կարող է ճնշում գործադրել վկաների վրա: «Այն վկայի, որը դատակոչվել է դատարան, որը պետք է խոսի դերասանի՝ դեպքի ժամանակ սթափ լինելու մասին»,- նկատեց ֆրանսիացի իրավաբանը։ Ըստ Մարի Դոզեի՝ ոչ թե մեղադրյալը պետք է իր անմեղությունն ապացուցի, այլ մեղադրող կողմը ապացուցի նրա մեղավորությունը:

Մարի Դոզեի և մյուս պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հիմնական փաստարկն այն է, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել հարբած լինելու համար, մինչդեռ դատարանը որոշում կայացրեց նրա կողմից ալկոհոլի օգտագործման վերաբերյալ քննություն կատարել մասին:

«Տպավորություն է, որ քննությունը ապացուցում է, որ Դուք ինչ–որ բանում անմեղ եք, Ձեզ դատարանի առջև են կանգնեցնում այլ իրավախախտումներ կատարելու համար, սակայն դատավորը հանկարծ սեփական նախաձեռնությունն է հանդես բերում՝ Ձեզ մեղադրելու այլ բաներում, որոնք ներկայացված չեն մեղադրականում»,-նկատեց Մարի Դոզեն՝ փաստարկելով, որ եթե հետաքննությունն ու փորձագետներն ասում են, որ «նրան չի կարելի դատել հարբած լինելու համար, որովհետև քննություն կատարվել և ապացուցվել է, որ նա չի խմել», դատարանը ինչ-որ անհասկանալի տրամաբանությամբ չէր կարող նման որոշում ընդունել:

Մարի Դոզեն նկատեց, որ իր համար ցավալի էր լսելը, թե ինչպես էր տուժողի իրավահաջորդը դատարանում դիմում դերասանին՝ «թշվառ հարբեցող» խոսքերով, այն դեպքում, որ առնվազն կարելի է խոսել այն մասին, որ Վարդան Պետրոսյանի՝ ալկոհոլ օգտագործած չլինելու մասին կան համապատասխան ապացույցներ: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի լրացման՝ «երբ դրա մասին այլևս անհնար է պնդել»:

Հիշեցնենք, որ դերասանի սթափության ստուգման արձանագրության վերաբերյալ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Բալոյանը կասկածներ ունի: Մասնավորապես, թե ինչու բժշկի արձանագրության բնօրինակում և կրկնօրինակում նրա ստորագրությունները տարբեր տեղերում են և ինչու է կրկնօրինակը լրացված նոր բովանդակությամբ:

«Բժիշկը, իսկ իրականում՝ բուժքույրը ստուգել է ալկոմետրով և տեսել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ վիճակում է գտնվում, ընդ որում, ալկոմետրի տվյալները պահպանվում են որոշակի ժամանակահատված և կեղծել հնարավոր չէ, հավաստիացնում եմ… Ինքը վերցնում է 2 արձանագրություն, դնում է կոպիրովկեն, այնուհետև 2-րդ թուղթն է դնում, լրացնում է Վարդան Պետրոսյանի բոլոր տվյալները՝ ծննդյան թիվ, գրում է «սթափ», այնուհետև այս փաստաթղթերը առանձնացվում են։ Այս առաջին օրինակը հանձնվում է ոստիկանությանը, որն էլ կցվում է քրեական նյութին: Ստորագրությունները այս երկու փաստաթղթերի մեջ տարբեր տեղերում են, որևէ կեղծիք չի եղել»,-ներկայացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Անցնում են օրեր և երբ շրջանառություն մեջ է դրվում վարկածը, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած է եղել, պաշտպանը հարցում է կատարում բուժհիմնարկ, խնդրում պարզաբանել, թե իրականում խմած եղե՞լ է, թե ոչ, և ի՞նչ մեթոդով են ստուգել:

Այս ժամանակ արդեն այդ բժիշկը չի լինում, դիմում են տնօրենին, տնօրենը հանձնարարում է բուժքույրին, որպեսզի նա իրենց ներկայացնի կրկնօրինակը՝ իր ստորագրությամբ:

«Որը հասկացաք՝ ինչո՞ւ է տարբերվում բնօրինակից։ Սա ես մանրամասն բացատրել եմ պարոն Բալոյանին, ինքն ասում է՝ ես չեմ հասկացել, ես չեմ հասկանում, թե ինչու ինքը չի հասկանում»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Բա հավելեց, որ Վարդան Պետրոսյանի սթափ լինելու մասին կա նաև մատյանում գրություն, իսկ հետագայում՝ լրացուցիչ, հարբածության վերաբերյալ արյան և մեզի փորձաքննություններում էլ ասվում է, որ «քանի որ ուշ է կատարվել փորձաքննությունը, տվյալ փաստը ստուգել հնարավոր չէ»։

Ըստ փաստաբանի՝ հարբածություն ստուգելու այլ մեթոդ գոյություն չունի և, հետևաբար, փաստել, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել և առավել ևս վիճարկել դա, հնարավոր չէ։