Մեդվեդևին հայ գործընկերներն ArmPhone և ArmTab են նվիրել
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Комсомольская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հայ գործընկերներն իրեն iPhone-ի և iPad-ի հայկական անալոգներն են նվիրել:
«Նրանք (Հայաստանից գործընկերները) ինձ «Արմֆոն» և «Արմփադ» («Արմթաբ»՝ Tert.am) են նվիրել»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ դրանք աշխատանքային գրասենյակում չեն:
Մեդվեդևը պարզաբանել է, որ աշխատանքի վայրում նա երկու պլանշետ է օգտագործում, որոնք պատկանում են պետությանը։
Մեդվեդևը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել ամերիկյան արտադրանքից՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման առնչությամբ:
Նա հայտարարել է, որ ծիծաղելի է հրաժարվել Apple ընկերության արտադրանքից՝ ԱՄՆ-ին այդ կերպ վնասելու պատճառաբանությամբ։
«Ի՞նչ կապ ունեն Ամերիկայի հետ մեր այսօրվա տարաձայնությունները և «Այֆոնը»: Եկեք հրաժարվենք ցանկացած տեսակի ներկրված ապրանքներից, և ի՞նչ կունենանք: Հյուսիսային Կորեա՞: Դա մեր ճանապարհը չէ»,- ասել է Մեդվեդևը: Նրա կարծիքով՝ ոչ իրենք՝ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չպետք է ոչ մի բանից հրաժարվեն, իսկ ամերիկացիներին Apple-ի արտադրանքից հրաժարվելու միջոցով վնասելը ծիծաղելի է։










