Առաքել Մովսիսյանը հրաժարվում է գնահատել Շուշան Պետրոսյանի՝ լրագրողներին վիրավորելու միջադեպը

21:01 • 21.05.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) հրաժարվեց պատասխանել Tert.am-ի հարցին՝ ինչպես կմեկնաբանի իր կուսակից Շուշան Պետրոսյանի և լրագրողների միջև նախօրեին տեղի ունեցած միջադեպը։
«Ես տեղյակ չեմ»,-հակիրճ պատասխանեց նա։


Երբ ներկայացրեցինք միջադեպի մանրամասները, թե ԱԺ-ում լրագրողը մոտեցել է երգչուհուն և իր տեսակետը հարցրել Վերնիսաժի դեպքերի մասին, նա խնդրել է անջատել ձայնագրիչը, որից հետո լրագրողներին անբարոյական է անվանել, ՀՀԿ պատգամավորը կրկնեց. «Ես տեղյակ չեմ, չեմ լսել, ո՞նց կարող եմ գնահատել կամ մեկնաբանել»։


Հարցին՝ պատգամավորների կողմից արդյո՞ք սովորություն չի դառնում լրագրողներին վիրավորելը, հակադարձեց. «Լսի´ր, ասում եմ՝ ես տեղյակ չեմ, դու քո՞նն ես շարունակում»։


Հիշեցնենք, որ վերջերս էլ լրագրողների հասցեին անվայել արտահայտության համար ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննվում էր նույն Առաքել Մովսիսյանի պահվածքը։ Լրագրողները դիմել էին էթիկայի հանձնաժողով` պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Առաքել Մովսիսյանին, այն է` պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստերի դահլիճում և լրագրողական օթյակում բողոքի ակցիա իրականացնող լրագրողներից, որոնց հասցեին ասել էր՝ «էս կապիկներին էլ հանեք ստից», ապա անվայել արտահայտություն հնչեցրել օթյակում ակցիա անցկացնող լրագրողների հասցեին: